Միանգամից 1962 Պարույր Սեւակ

Միանգամից Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում. Միանգամից ո՛չ մի կարպետ եւ ո՛չ մի գորգ չի պատըռվում, Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից, Միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին: Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան, Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ու՜ր մնաց թե՝ երեքանան: Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք. Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՜չ էլ վաղն է դառնում գալիք: Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ, Հենց այսպես է, ինչպես որ կա: Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ, Թե ես ի՞նչ եմ գերադասում, Ի՞նչ եմ ուզում Ու երազում, Ես կասեի. - Ինչ լինում է՝ թող որ լինի ՄԻԱՆԳԱՄԻ՜Ց... 1962 Պարույր Սեւակ

ԸՆՏՐԱՆԻ

Քո անունո՛վ, Մարիա՜մ,
Քո անունով՝
Այստեղ նահանջում է ձմեռն արագ:
Ամառն առանց հերթի՝
Գարունի՜ց էլ առաջ,
Նպաստով է ապրում՝ քո անունով…
Եվ այստեղ կա մեկը քո անունով:
Ու երդվում եմ ես քեզ քո՛ անունով,
Որ ատում եմ մի քիչ
Եվ սիրում եմ նույնքան
Օտա՜ր այս աղջըկան՝ քո անունով:
Նա ինչպե՞ս է ապրում քո՛ անունով.
Ինքը դո՛ւ չես, և նա… քո անունո՞վ:
Ուստի ատում մի քիչ
Ու սիրում եմ նույնքան
Օտա՜ր այս աղջըկան քո անունով:
Ես կանչում եմ նրան քո անունով
Ու տանջում եմ ես ինձ քո՛ անունով,
Իսկ նա իմ տանջանքից չի հասկանում ոչի՜նչ.
Այսքա՜ն անհակացող՝ քո անունո՞վ:
Բայց կանչում եմ նրան քո անունով,
Կանչում այնպես, ինչպես մարդիկ հնում
Կանչում-կանչում էին ոգիներին բարի…
Ոգիդ չի՜ հայտնվում՝ քո՛ անունով:
Ուրեմն աշխարհումըս իրո՞ք չկա
Ու չի՞ լինում ո՛չ մի ոգի…
Ես ավելորդ անգամ, վա՛տ իմ,
Անհավա՛տ իմ,
Անհավատ եմ դառնում…քո՛ անունով:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Комментариев нет:

Отправить комментарий