Միանգամից 1962 Պարույր Սեւակ

Միանգամից Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում. Միանգամից ո՛չ մի կարպետ եւ ո՛չ մի գորգ չի պատըռվում, Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից, Միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին: Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան, Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ու՜ր մնաց թե՝ երեքանան: Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք. Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՜չ էլ վաղն է դառնում գալիք: Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ, Հենց այսպես է, ինչպես որ կա: Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ, Թե ես ի՞նչ եմ գերադասում, Ի՞նչ եմ ուզում Ու երազում, Ես կասեի. - Ինչ լինում է՝ թող որ լինի ՄԻԱՆԳԱՄԻ՜Ց... 1962 Պարույր Սեւակ

понедельник, 29 августа 2011 г.

ԲԱՐԵՎ, ԵՍ ԵՄ.......


۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞
❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀     ❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀


ԲԱՐԵՎ, ԵՍ ԵՄ...    

Երբ ինձ ասում են,
Որ ես շատ բարդ եմ,
Բարդ, անլուծելի,
Ես ընդունում եմ
Չընդունելո՜ւ պես...

Չգիտես ինչու
Ես արևի մեջ խավար եմ փնտրում...
Բարևի մեջ էլ
Փնտրում եմ կորած, անտես հրաժեշտ:
Չարի մեջ ես միշտ բարին եմ փնտրում,
Փնտրում ու գտնում,
Բայց էլի նորից, չգիտես ինչու,
Բարու մեջ չարը չեմ փնտրել երբեք:

Տեսնում եմ հոգսում
Թաքնված երանգ մի թեթևության,
Թևաթափ եղած անճարության մեջ
Ես հույս եմ գտնում,
Ինքնասիրահար ու եսակենտրոն ցուցադրանքի մեջ
Կամա - ակամա ես նկատում եմ թերամտություն:

Ես շատ զբաղված եմ
Իմ երկարատև պարապությունում,
Ուր հոգնությունը մի երանելի հանգստություն է
Միշտ ինձ պարգևում:
Սակավությունը հույսի ու լույսի իրար գումարում,
Ես լիությամբ եմ
Ինձ ու իմ հոգին մենաշնորհում:

Երբ ինձ ասում են,
Թե ես շատ բարդ եմ,
Ես չեմ հասկանում
Հասկանալո՜ւ պես:
Իմ այս բարդությամբ
Ես միշտ անպարտ եմ,
Պարզ ամենքի հետ,
Բայց մատչելի է
Ի՛նձ միայն հոգիս:
Երբ ինձ ասում են,
Թե ես շատ բարդ եմ,
Հանգաթխության բոցով վարակված
Մի երգ եմ ծնում,
Եվ մանրացնցուղ անձրևի նման
Այս բարդությամբ եմ իմ հոգին սնում...

Փոքրիկ, աննշան մի սխալի մեջ
Դժվարուղղելի խնդիր եմ լուծում,
Զգուշության մեջ տեսնում եմ ձևված
Մի անդուրեկան խուլ անփութություն,
Անօրինության գաղափարի մեջ
Փնտրում եմ ճշտի անփաստ բացատրություն...

Զեխությունն ինձ մոտ
Սակավությունն է իր տեսաբանում,
Իսկ տեղապտույտ հանգամանքները
Անփակ ու անդուռ անսահմանության
Մի հոսք են բերում,
Շատ պարզ ու հստակ պատկերների մեջ
Ես տարբերում եմ տեսախաբություն,
Պատուհասակիր անարժաններին
Փորձում ներարկել պատվելիություն:

Երկնքում փքված ու ծալքավորված,
Կապուտափայլվող ամպի ճերմակում
Կարծես ճչացող, խենթ, գիսագռիվ դիմանկարով
Խավարն է փայլում,
Իսկ օվկիանոսի ինքնաբավարար հեռածավալում
Ինձ մոտ, ինձ շա՛տ մոտ,
Համարյա այնքան, որ շոշափելի,
Գլխիվայր ընկած երկինքն է խեղդվում:

Անխուսափելի մահվան աչքերում
Ես կյանք եմ կարդում,
Միայնակ սիրո լքված երազում`
Հավատարմության ու հավերժության շնչասպառ երդում:
Մտամփոփ հոգու անտակ ու անափ, շնչող եզերքում
Թեթևությունն ու մտապատրանքն են
Մրցակից դառնում:

Ծնկի իջեցնող ցավի անորոշ լաբիրինթոսում
Անսպառ ուժի և հզոր կամքի ստվերն է հաղթում,
Խուլուհամրացած, անզգայացած անհուսությունում
Հոգետանջ եղած լռության ճիչն է ականջս ծակում:

Արագասլաց ժամանակները
Հանգիստ են մուրում,
Մարած հույզերը,նպատակները`
Բոցավառություն,
Հիացմունքների խելացնորված երևէջներում
Հիասթափության աղոտ գույներն են
Ինձ մոտ պատկերվում:

Երբ ինձ ասում են,
Որ ես շատ բարդ եմ,
Ես ավելի եմ իմ մեջ պարփակվում :
Իմ զգացածն ու
Իմ ապրումները
Միայն իմ մեջ եմ
Ես զատորոշում:

Երբ ինձ ասում են,
Որ ես շատ բարդ եմ,
Իմ բարդ աշխարհում
Պարզ կյանք է եռում,
Որտեղ սառույցը
Պար է մոգոնում
Հրահուր բոցի
Այրող ափերում:

Շատ սովորական, հանապազօրյա երևույթները
Ես արտասովոր,
Ինչ-որ մոգական լույսով եմ զօծում,
Դեպի մայրամուտ գնացող կյանքի
Անխուսափելի ճանապարհները
Մի նոր ծննդյան ու մի նոր կյանքի
Երջանկաբեր ու մի ինքնամոռաց հույզի զուգակցում:
Ես, բևեռասույզ լուսատուների
Ժամանակավոր անդրադարձումում
Երազ եմ հյուսում`
Հեքիաթ, որ սուզի
Կյանքը բազմիմաստ
Հավերժությունում:

Եվ ինձ ասում են,
Որ ես շատ բա՞րդ եմ:
Արձագանքում եմ ես
Լռելո՜ւ պես:

Լռում եմ...

Լռո՜ւմ...

Ես ինձ եմ լսում
Արձագանքներիս ձայնադարձերում:

5. 09. 2010 թվ


    © Copyright: Հրաչուհի Ալիխանյան, 2010
"ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆ"

❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀     ❀*•.¸¸.•*✿*•.¸¸.•*❀
۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞

   

Комментариев нет:

Отправить комментарий