Միանգամից 1962 Պարույր Սեւակ

Միանգամից Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում. Միանգամից ո՛չ մի կարպետ եւ ո՛չ մի գորգ չի պատըռվում, Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից, Միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին: Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան, Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ու՜ր մնաց թե՝ երեքանան: Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք. Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՜չ էլ վաղն է դառնում գալիք: Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ, Հենց այսպես է, ինչպես որ կա: Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ, Թե ես ի՞նչ եմ գերադասում, Ի՞նչ եմ ուզում Ու երազում, Ես կասեի. - Ինչ լինում է՝ թող որ լինի ՄԻԱՆԳԱՄԻ՜Ց... 1962 Պարույր Սեւակ

вторник, 13 декабря 2011 г.

ԹԱՔՆՎԱԾ ՀՈւՅԶԵՐ..ԹԱՔՆՎԱ՞Ծ, ԱՐԴՅՈՔ..


۞۞۞۞۞۞۞ 
*•.¸¸.•**•.¸¸.•* 

                      

Պոկել սեփական մտքերից շառա՞չ,
Ճահճոտված հոգուց մամռակալված ճի՞չ:
Մի դավադիր հոսք, հույզերով լցված,
Մե՜ղմ շշնջում է,-
Չմնա՜ց ոչինչ:

Անհասկանալին լուռումնջացավ՝
Բազմապատկվելով անորոշներին:
Եվ կյանքը, ինքը, մնջախաղ դարձավ
Համր շշուջով,-
Չմնա՜ց ոչինչ:

Թաքնված հույզե՞ր:
Արդյո՞ք թաքնված...
Որոնք շուլալվել կյանքի էջերին,
Մերթ սրտակոտոր,մերթ էլ կարկամած
Մեղմ շշնջում են,-
Չմնա՜ց ոչինչ:
Թաքնված հույզե՞ր:
Թաքնվա՞ծ, արդյոք...
Ուր երազներն են շա՜տ զգո՜ւյշ հալվում,
Եվ մտքերի մեջ, երազի կամոք
Հալվում շշունջով,-
Չմնա՜ց ոչինչ:

Անսահմանության անդրադարձերում
Ծեգը ծեգին է միանում անխոս,
Գիշեր - ցերեկվա զառանցանքներին
Նոր օրն է ձայնում,-
Չմնա՜ց ոչինչ:

Բազմերանգ մի խաղ կա տրեզերքում,
Եվ մի մոլորում՝ խենթ պտույտի մեջ:
Այս խենթ պտույտը նոր կյանք է բերում
Ցավազրկելով:
Չմնա՜ց ոչինչ:


Թաքնված հույզե՞ր:
Արդյո՞ք թաքնված...
Անորոշությամբ խեղդված կրկնանիշ:
Կյանքի հուսահատ, դողահար ձեռքով
Գրված երկու բառ`
Չմնա՜ց ոչինչ:
Թաքնված հույզե՞ր:
Թաքնվա՞ծ, արդյոք...
Թե՞ ճեղքված հավատ ու բթացած խիղճ:
Անսապասելի խաղաղված մի հոսք,
Կարեկցող հեգնանք`
Չմնա՜ց ոչինչ:

Ուրվականները չմեռնող հույզի
Մեհենագիր են կրքով ձեռագրում՝
Ստվերում կամածին թմրածության մեջ
Խուլ արձագանքներ,-
Չմնա՜ց ոչինչ:

Գիշերվա հանգչող աչքերի խորքից
Կփորձենք կարդալ անբացատրելին,
Ուր լռությունը խելագար, անխիղճ
Մութ կարտաշնչի`
Չմնա՜ց ոչինչ:

Հոգուս հիասթափ երգերի ներքո
Կիսացավ ժպիտ`

Չմնաց ոչինչ:





© Copyright: Հրաչուհի Ալիխանյան, 2010
"ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆ"
*•.¸¸.•**•.¸¸.•*

۞۞۞۞۞۞۞۞۞

ՊԱՏԱՌՈՏՎԱԾ ԽՈՍՔ.. ԱՆՀԱՂՈՐԴ ՀՈւՅԶԵՐ..

http://www.youtube.com/watch?v=NW8fuaZcwMM

۞۞۞۞۞۞۞ 
*•.¸¸.•**•.¸¸.•*


http://www.youtube.com/watch?v=NW8fuaZcwMM Մենակ եմ, մայրիկ:
Հոգնել եմ, կարծես:
Տխուր է: Չգիտեմ, ինչո՞ւ է այսպես:
Պատառոտված խո՞սք, անհաղորդ հույզե՞ր:
Միտքս ննջում է քնատ օրվա պես:
Կարծես ձգվել է խուլ հորիզոնում
Անհասկանալի, ծանր տխրություն:
Ծրարված կյանքի անորոշներում
Արձագանքներ են ու դատարկություն:

Հոգնել եմ, մայրիկ,
Ու չեմ հասկանում ես արդեն ոչինչ`
Ի՞նչն է կարևոր և ի՞նչը անմիտ ու անիմաստ ճիչ:
Ի՞նչն է տանջելու ժամանակների խաղում բովվելով,
Եվ ի՞նչն է տանջվում անմիտ լռելով ու սպասելով:

Կյանքը հղի է հանկարծակիի կուտակումներով:
Չգիտեմ ինչու, հավատը գնաց, բայց հույսը դեռ կա`
Անծանոթ մի ստվեր, հազարաբերան դատարկությունով:
Հոգիս չի հուշում`
Ի՞նչն է անորոշ և ինչը` առկա:

Հիմա չգիտեմ` ինչն է ետ քաշում, և ինչը առաջ,
Բազմանշանակ ժամանակներն եմ գործիքավորում:
Հավատն եմ փնտրում, որ սրտի կանչին գնաց ընդառաջ...
Դատարկության մեջ արձագանքներն եմ ես կարգավորում:

Մենակ եմ, մայրիկ:
Հոգնել եմ, կարծես:
Տխուր է: Չգիտեմ, ինչո՞ւ է այսպես:
Հոգնած երգերիս կարոտ եմ հյուսում
Եվ տրտում սպասում `
Շատ խոնարհ ու հեզ:

© Copyright: Հրաչուհի Ալիխանյան, 2010
"ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆ"
*•.¸¸.•**•.¸¸.•*

۞۞۞۞۞۞۞۞۞

среда, 12 октября 2011 г.

ՀՈՐԻՆՎԱ՜ԾՔ... ԵՐԱ՜Զ...


۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞
*•.¸¸.•**•.¸¸.•*



ՀՈՐԻՆՎԱ՜ԾՔ... ԵՐԱ՜Զ...



Դու հավատու՞մ ես, որ գուցե մի օր,
Գիշերն ու ցերեկը հանդիպեն իրար,
Մոռանան, որ կան հուռթ արշալույսներ,
Ու մեղմի՜կ, թուխծամ  երեկոներ կան:
Ես հավատում եմ...

Չգիտեմ ինչու դու մի ցերեկ ես ինձ համար դարձել,
Եվ քո հարազատ ու պարզ ջերմությամբ
Հոգիս ես լցրել:
Իսկ ես... շատ տրտում գիշեր եմ ինձ զգում...
Մթածի՜ր զգացում...
Առանց արևի, մութ ծանրաշուքից
Սարսուռ եմ շաղում:
Դու հավատու՞մ ես, որ գուցե մի օր,
Գիշերն ու ցերեկը հանդիպեն իրար,
Մոռանան, որ կա անգութ ժամանակ,
Կա տարածություն,
Անցյալի սահման:
Ես հավատում եմ...
Դու էլ հավատա, թեկուզ մեկ վայրկյան,
Ինչը կլինի նվեր իսկական:
Դե՞…..

Ամեն անգամ, երբ որ նայում ենք
Մենք դաշնամուրի շատ մոտ, հարազատ ստեղնաշարին,
Տեսնում ենք գողտրիկ այդ հանդիպումը,
Այդ հանդիպումը... գիշեր - ցերեկվա:
Դե, ասա, տեսա՞ր...
Սպիտակ գույնը մասնատել սևը`
Թրթիռ է, կարծես, թանձրահունչ հույզին,
Եվ  ձեռքի թեթև քո մի հպումը
Կյանքն է պատկերում գիշեր - ցերեկին:
Գիշերն զգում է, որ ինչ - որ ճեղքվածք
Լուռ ներս է թողել ցերեկվա լույսը...
Ցերեկն էլ հուզված, կարծես, ձայնադարձ,
Մեղեդո՜վ շոյում ծաղկագեղ հույսը:
Ես քեզ պատմում եմ մի բարի երազ,
Որը անմեղ է, շատ թո՜ւյլ, նվաղկո՜տ,
Թեև լավ գիտեմ` գիշերն արձագանքն
Ցերեկվա լույսի` երազ թևավոր,
Բայց նորից, նորից նույն հարցն եմ տալիս...
Դու հավատու՞մ ես, որ գուցե մի օր,
Գիշերն ու ցերեկը հանդիպեն իրար….
Այս երազի մեջ ես հավատում եմ,
Ու համոզված եմ, որ թեկուզ անցնի,
Հավիտենություն, թեկուզ հարյուր կյանք,
Մեկ է, իմ երազն անմահ կմնա,
Ինչպես անմահ է երաժշտությունը,
 Մեղեդի փնջող նուրբ վեհությունը,
Սու՜րբ վեհությունը...

Երբ նորից քեզ մոտ  գիշերն է տիրում,
Ինձ մոտ ցերեկն է իր կյանքով ապրում...
Ու թեպետ գիտեմ, որ չեն հանդիպում ցերեկ ու գիշեր,
Բայց սրտիս խորքում ես ինքնագրում եմ,
Որ չհանդիպած այս միացումը
Կապրի՜ չապրված, նորածին հույզեր:
Ու հաստատ գիտեմ,
Որ եթե հանկարծ դու անհետանաս...
(Աստվա՜ծ իմ...
Չեմ ուզում, որ դառնաս երազ...)
Ես կկորցնեմ նորից ինքս ինձ,
Չէ որ դու ես եմ ,
Մի կորցնի ինձ:

Ու  ես չգիտեմ, սա  էությո ՞ւնն է,
Թե՞ իմ կողմից  մի երազ հորինված
Սա ծաղկափթիթ ի ՛մ իսկությունն է,
Որտեղ որ դու կաս այսքան հարազատ:
Հորինվա՜ծք... երա՜զ...
Ու եթե հանկարծ,
Չսնես քեզնով իմ այս երազը,
Ես կամա ՜ց - կամա ՜ց - կամա ՜ց կհալվեմ...
Գիտե՞ս, ասում են ամեն ինչ մեռնում,
Լոկ ժամանակն է հավերժում ճախրում,
Բայց երբ դու չկաս, իմ ժամանակը
Ինձ հետ միասին մարում է, հանգչում,
Ու էլ չի շնչում...

Դու հավատու՞մ ես, որ գուցե մի օր,
Գիշերն ու ցերեկը հանդիպեն իրար,
Մոռանան, որ կան հուռթ արշալույսներ,
Ու մեղմիկ, թուխծամ երեկոներ կան:
Ես հավատում եմ...
Ու ամեն գիշեր, երբ ես նայում եմ
Աստղերով լեցուն մութ այս անհունին,
Տեսնում եմ իմ մեջ
( դե, ես գիշերն եմ )
Որ երկինքը մութ լուսավորված է
Քո ցայլկտումով` լուսնի վերածված ,
Տեղ - տեղ մասնատված քո ապրումները
Աստղիկներ դարձրած:
Տես, ես ժպտո՜ւմ եմ...
Հանգստանո՜ւմ եմ,
Խաղաղվո՜ւմ հանկարծ,
Զգալով շունչդ զեփյուռից կախված...
Ու մոլորվում եմ իմ խենթ երազում,
Որտեղ ես գիշեր,
Իսկ դու լուսին ես ու չքնաղ աստղեր:
Ու նորից, նորից ես հավատում եմ
Սուրբ հանդիպմանը գիշեր- ցերեկվա:

Մենք շղթայված ենք իրար այսուհետ,
Ինչպես գիշերն է իր լույսերի հետ
Բոցկլտացող հույս անվերջ տարածում
Երկնքի մթնած երկնակամարում,
Այնպես այս շղթան արքայավայել իր գործն է անում`
Երկու մոտ հոգի
Մաս առ մաս հավերժ իրար միացնում`
Մի երանությո՜ւն.......
Այդ շղթան հիմա կայծեր է ցայում,
Ամոքելով այն ճեղքվածքը հոգուս,
Որ լուռ ներս թողեց ցերեկվա լույսը,
Ուր գիշերում է ցերեկվա հույսը:

Ու վախենում եմ նորից արթնանալ,
Կորցնել հանկարծ այս ցգացումը...
Որ եթե հանկարծ դու մի օր չգաս,
Ես կմեռնեմ լուռ,
Արդեն մեռնում եմ, երբ չկա մի լուր...
Ու գիտե՞ս...
Եթե դու չես հավատում,
Ես զարմանում եմ...
Թե՞ հավատում ես...
Երբ իմ գիշերն ես այցելում արդեն
Դարեր շարունակ,
Դառնալով լուսին, նազագեղ աստղեր,
Պահապա՜ն հրեշտակ,
Ես քո ցերեկն եմ այցելում:
Գիտե՞ս:
Չէ, դու մի կարծիր, թե կատակում եմ:
Նայիր ստվերիդ….
Քո կիսաթափանց, հալուն ցերեկում
Քեզ հետևո՜ւմ եմ:
Քո այդ ցերեկում ես էլ եմ ապրում,
Քո ստվերն եմ ես,
Իմ լինելության թարմ վկայություն...
Ուզե՜ս, թե չուզե՜ս...
Երբ դու տեսնում ես ծորածո ստվերդ,
Խոսիր նրա հետ,
Ու լավ իմացիր...
Ես քեզ լսո՜ւմ եմ...
Ու եթե մի օր հանկարծ չխոսես,
Ես լո՜ւռ կմեռնեմ:




2009



© Copyright: Հրաչուհի Ալիխանյան, 2010
"ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆ"


*•.¸¸.•**•.¸¸.•*

۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞۞